BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Օսմանյան կայսրության տրոհման գործընթացը շարունակվում է

Օսմանյան կայսրության տրոհման գործընթացը շարունակվում է
17.05.2015 | 15:42

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշեցրեց Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, ընթացքում և հետո օսմանյան բազմազգ կայսրության տրոհման ժամանակ տեղի ունեցած ողբերգական ուրիշ իրադարձություններ: Պատերազմի սկզբին Անատոլիայի բնակչության կեսից ավելին քրիստոնյաներ էին՝ հույներ, հայեր, ասորիներ: Պատերազմի և թուրքական իշխանության քաղաքականության հետևանքով նրանք կամ սպանվեցին, կամ տեղահանվեցին: Թուրքերին տեղահանեցին Բուլղարիայից, Հունաստանից, Բալկանյան թերակղզուց, Միջերկրական ծովի արևելյան կղզիներից: 1911-1912-ի Բալկանյան պատերազմներից մինչև 1923-ին Թուրքիայի Հանրապետության հռչակումը՝ ժամանակակից պատմության ամենամեծ էթնիկ զտումների շրջանն էր: Ճգնաժամում գտնվող Օսմանյան կայսրությունը գործում էր ուղիղ ահաբեկչության մեթոդով, էթնոսներին հրահրում էր միմյանց դեմ: Թուրքերը հմտորեն օգտագործում էին ազգային հակասությունները՝ ժողովուրդներին իրար դեմ հանելու համար: Հայկական ջարդերում հիմնական դերերից մեկը դեռ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին խաղում էին քրդական «Համիդիեների» հեծյալ ջոկատները:

Հետպատերազմյան պայմանագրերը Վերսալ-վաշինգտոնյան համակարգում ստեղծեցին նոր պետությունների մեծ մասամբ արհեստական սահմաններ՝ հաղթող երկրների շահերին համապատասխան, անտեսելով պատմական, էթնիկ և մշակութային-լեզվական գործոնները: Իր ժամանակին Լենինը Վերսալի պայմանագիրը (նրան հարող ամբողջ փաթեթով՝ Սեն-Ժերմենի, Սևրի, Լոզանի և այլն) անվանեց «չլսված, թալանչիական խաղաղություն», «գիշատիչների ու ավազակների պայմանագիր»: Հետպատերազմյան բաժանումը վերաբերում էր և Օսմանյան կայսրության տարածքներին: Այդ ժամանակների իրադարձությունները ուղղակի կամ անուղղակի հիմք դարձան մեր օրերի շատ կոնֆլիկտների, որոնցից են.
-Պաղեստինի պրոբլեմը,
-Կիպրոսի պրոբլեմը,
-քաղաքացիական պատերազմը Լիբանանում,
-քաղաքացիական պատերազմը Սիրիայում,
-Իրաք պետության բաժանումը,
-քրդական պրոբլեմը,
-ԻԼԻՊ-ի ի հայտ գալը իբրև Լևանտի միասնության վերականգնման փորձ իսլամի հիմքով,
-բոսնիական պատերազմը և Բալկանների մյուս կոնֆլիկտները,
-նույնիսկ Սաուդյան Արաբիայի ագրեսիան Եմենի դեմ (երկու պետություններն էլ Օսմանյան վիլայեթներ էին՝ Եմենի և Հիջազի): Կարելի է հավելել բազմաթիվ կոնֆլիկտները, որոնց մեջ ներքաշված են ալավիտները, ասորիները, դրուզները, Մերձավոր Արևելքի քրիստոնյաները և այլ էթնոկրոնական խմբեր, որ բնակվում էին բազմազգ Օսմանյան կայսրությունում:
1920-ի Սևրի պայմանագիրն արձանագրում էր Օսմանյան կայսրության տարածքների լիակատար բաժանում: Մասնատվում էր և Օսմանյան կայսրության միջուկը՝ Փոքր Ասիան: Փաստացի Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, քանի որ սկսվեցին Աթաթուրքի ազատագրական պատերազմները: Վերջնական սահմանները հաստատվեցին 1923-ի Լոզանի պայմանագրով, որն իրավական ձևակերպում տվեց Օսմանյան կայսրության բաժանումին: Այդ պայմանագրերի բազում կետերից կարելի է առանձնացնել ամենակարևորները.
-ժամանակակից Լիբանանը և Սիրիան դառնում էին Ֆրանսիայի մանդատի տակ գտնվող տարածքներ:
-Պաղեստինը, Հորդանանը, Միջագետքը (Իրաք) անցնում էին Մեծ Բրիտանիայի մանդատի տակ:
-Եվրոպայում թուրքական տարածքների մնացած մասը (բացի Ստամբուլին հարակից վիլայեթներից) փոխանցվում էին Հունաստանին:
- Թուրքիան կորցրեց Արաբական թերակղզին, Լիբիան (դեռ 1911-ին), Միջերկրականի կղզիները:
-Այդպես էլ չստեղծվեց անկախ Քրդստանը (թեպետ նախատեսված էր նախնական պայմանագրերում):
-Թուրքիան Անտանտի երկրներից պոկեց «հայերի ազգային օջախի» ստեղծման հրաժարական: Հայաստանը կորցրեց պատմական հողերի հիմնական մասը: «Բնակչության փոխանակում» ձևակերպումով տեղի ունեցավ էթնիկ հույների մեծագույն բռնագաղթը Փոքր Ասիայից: Փոխանակումը վերաբերեց երկու միլիոն մարդու և Հունաստանում անվանվեց «փոքրասիական աղետ»: Դա երկրորդ մեծամասշտաբ բռնագաղթն էր 1915-ի Հայոց ցեղասպանությունից ու բռնագաղթից հետո: «Փոխանակման» մեջ բացառություններ արվեցին Ստամբուլի հույների և Կիպրոսի թուրքերի համար: Կղզում թուրքական համայնքի պահպանության մեջ է Կիպրոսի առայսօր չլուծված կոնֆլիկտի պատճառը: Արդյունքում Թուրքիային հաջողվեց (առաջին անգամ իր ամբողջ պատմության մեջ) ստեղծել պետություն, որտեղ թուրք մուսուլմանները համեմատական մեծամասնություն էին: Միակ ոչ թուրք մեծ համայնքը քրդերն են: Այսօր նրանք Թուրքիայի բնակչության 20-25 %-ն են (16-20 միլիոն): Ասում են՝ նրանք ավելի շատ են, բայց Թուրքիայի իշխանությունը գաղտնի է պահում իրական վիճակագրությունը:
Քրդական հարցը սերտ կապված է Օսմանյան կայսրության տրոհման, Թուրքիայի Հանրապետության և անձամբ Աթաթուրքի կտրուկ մերժման հետ՝ ճանաչել այդ ժողովրդի նույնականությունը կամ գոնե մշակութային ինքնավարությունը: Քրդերի պայքարը՝ մեկ խաղաղ, մեկ զինված, շարունակվում է Թուրքիայի Հանրապետության ստեղծման պահից: Քրդերն իրավացիորեն կարծում են, որ ներկա իրավիճակի արմատները Վերսալյան շրջանի իմպերիալիստական համաձայնագրերի մեջ են և Օսմանյան կայսրության տարածքում նոր պետական-վարչական կազմավորումների ստեղծման: Սևրի խաղաղության պայմանագրով (1920) նախատեսվում էր անկախ Քրդստանի ստեղծում, բայց Աթաթուրքի ազատագրական պատերազմներից հետո այդ գաղափարը այլևս չհիշատակվեց և Լոզանի պայմանագրով քրդական հողերը բաժանվեցին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ենթամանդատ տարածքների՝ Իրաքի ու Սիրիայի միջև: 1923-ի Լոզանի կոնֆերանսը, քրդերի տեսակետից, որոշեց անարդար սահմաններ՝ քուրդ ժողովրդին բաժանելով մի քանի հատվածների:
Թեպետ քրդերը հարյուրամյակներով ապրում էին «Մեծ Քրդստանում», այդ թվում` Սիրիայում, պաշտոնական Դամասկոսը հաստատում է, որ քրդական այդքան նշանակալից ներկայությունը հետևանք է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի բռնաճնշումների քաղաքականության, որ քրդերին վտարում էր իր երկրի սահմաններից դուրս՝ Սիրիայի այժմյան հյուսիսային տարածքները: Այդ փաստի հիման վրա Սիրիան քրդերին հրաժարվում էր քաղաքացիություն տալ: Քաղաքացիական ներկա պատերազմը Սիրիայում ամբողջ սրությամբ բարձրացրեց սիրիական քրդերի ինքնորոշման հարցը՝ ինքնավարությունից մինչև լիակատար անկախություն: Սիրիայի քաղաքացիական պատերազմի և ԻԼԻՊ-ի էքսպանսիայի առիթով հաճախ է հիշատակվում Սայքս-Պիկոյի պայմանագիրը, որ փոխեց տարածաշրջանի քարտեզը: Վերջերս սիրիացի «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Զուհեյր Սալեմը Kurd Watch-ին տված հարցազրույցում ասում էր, որ ինքը (և արաբական աշխարհի ամենամեծաթիվ իսլամական շարժումը) իրականում մտածում են Սիրիայի և նրա ճակատագրի մասին: Հարցին, թե ի՞նչ կլինի Սիրիայում Դամասկոսի պարտության դեպքում, նա պատասխանեց. «Դժոխքի բաժին կդառնա: Սիրիան ժամանակավոր պետություն է, որ ստեղծվել է գաղութարար Սայքսի ու Պիկոյի համաձայնագրով: Մեր նպատակն է կառուցել համընդհանուր իսլամական պետություն բոլոր ազգերի համար՝ քրդերի, արաբների, չերքեզների, բոլորի: Մենք կոչնչացնենք այդ անիծյալ Սայքս-Պիկոյի համաձայնագրով ստեղծված սահմանները, մենք նորից կապրենք մի պետության մեջ, ինչպես 1500 տարի եղել է»: Սալեմը հիշատակում է Սայքս-Պիկոյի արձանագրությունը՝ գաղտնի համաձայնագիր, որ 1916-ին կնքել են Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ցարական Ռուսաստանի մասնակցությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ստորագրված այդ փաստաթուղթը հաղթող տերությունների ազդեցությունների գոտիներն էր ամրագրում Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրության՝ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի դաշնակցի, կործանումից հետո: Արաբների տեսակետից՝ հենց Սայքս-Պիկոյի համաձայնագիրն է հիմք դրել Մերձավոր Արևելքի «ազգային պետությունների» համար, որոնց ձևավորման հնարավորությունը ընդամենը հարյուր տարի առաջ ֆանտազիա կամ կատակ կորակվեր: Բայց պատմությունը ունի օրինակներ, երբ արհեստական ստեղծած պետությունները կենսունակ են դարձել՝ այդպես եղան և Մերձավոր Արևելքի շատ պետություններ՝ Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Իրաքը, Սիրիան: Մերձավոր Արևելքում Առաջին համաշխարհային պատերազմից հետո նոր պետությունների ստեղծումը իր տրամաբանությունն ուներ և դառնում էր տարածաշրջանային զսպումների ու հակակշիռների համակարգ: Հետօսմանյան համակարգի կործանումը ԱՄՆ-ի և իր դաշնակիցների գործողությունների հետևանքով սուզում է Մերձավոր Արևելքը նոր անկայունության հորձանուտի մեջ: Դա են հաստատում իրադարձությունները Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում:
Դմիտրի Դոբրով , "ИноСМИ"
Հ.Գ.
Դմիտրի Դոբրովը, ում հրապարակումը թարգմանաբար ներկայացնում եմ, իհարկե, հետաքրքիր դիտանկյուն է ընտրել իր տեսակետների համար՝ Օսմանյան կայսրության տրոհման հետևանքները ժամանակակից աշխարհում: Հիշատակելով անցյալ դարասկզբին կնքված, հետո կատարված ու չկատարված համաձայնագրերը՝ նա շեշտադրում է քրդական հարցը և Քրդստանի ստեղծման հարցը և միայն հպանցիկ անդրադառնում Հայոց ցեղասպանությանն ու Հայաստանի կորցրած տարածքներին: Սևրի դաշնագրի չկատարման հետևանքով Հայկական պետություն ստեղծելու ձախողումը նա հմտորեն շրջանցել է՝ շեշտը դնելով քրդական հարցի վրա: Պատճառները պարզ են՝ իսկ որտե՞ղ են ապրում հիմա քրդերը և որտե՞ղ են ուզում ինքնավարություն ստանալ: Ո՞Ւմ հողերի վրա: Եթե Դմիտրի Դոբրովը այդքան լավ գիտի պատմությունը, և այդքան լավ գիտի՝ ինչ հետևանքներ ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումն արաբական աշխարհում, ինչո՞վ է բացատրվում արդարության վերականգնման ընտրովի վերաբերմունքը: Քրդերը հարյուրամյակներով ապրել են որտե՞ղ, հայկական հողերո՞ւմ, հայերն ո՞ւր էին այդ հարյուրամյակներում, որ չկային: Ի վերջո, եթե մի քիչ ավելի խորանանք՝ կպարզենք, որ Թուրքիայի Հանրապետությունում հայերը շատ ավելի շատ են, քան հրապարակվում է, քան իրենք են հայտնիացնում՝ պատճառները չարժի պարզաբանել: Պատմական արդարությունը հնարավոր չէ վերականգնել արդարությունը ոտնահարելով: Հայոց ցեղասպանության համահայկական Հռչակագիրը պիտի ամրագրվի ցեղասպանության փոխհատուցման բովանդակային պահանջատիրության ձևակերպմամբ: Այս կարգի «ճշմարտապատում» հրապարակումները բացահայտ հակասում են համահայկական շահերին ու հայկական հարցի ադեկվատ ընկալմանն աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ